Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Բաքվում պահվող հայերի վերաբերյալ օրեր առաջ հրապարակված դատավճիռների մասին։
«Գիտեք, նախ ասեմ, որ այդ վճիռները, իհարկե, ինձ համար անձնապես էլ, մարդկայնորեն էլ, քաղաքական առումով շատ ցավալի են և ծանր։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ կոնֆլիկտն ունի իներցիա, և այդ իներցիան հնարավոր չէ մի լծակի գործադրմամբ կանգնեցնել»,- նշել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հարցի լուծումը կրկին խաղաղությունն է, դա է միջավայրը, որում հնարավոր է խնդիրը լուծել. կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրը անլուծելի է։
«Նախորդ ամիս վերադարձան չորս անձինք՝ մեր հայրենակիցները։ Մյուսների դեպքում չեմ ասի այդ բանը, բայց Վագիֆ Խաչատրյանի դեպքում ես ուզում եմ ձեզ միանշանակ և աներկբա վստահեցնել, որ եթե չլիներ խաղաղության բարելավվող միջավայրը, նա չէր վերադառնա։ Նա չէր վերադառնա Հայաստան, առնվազն չէր վերադառնա հիմա և առնվազն չէր վերադառնա տեսանելի ապագայում։ Սա ասում եմ մի շարք մանրամասների տեղյակ լինելով։ Եվ էլի խաղաղությունն է միջավայրը։
Եթե խաղաղությունը չզարգանա, չինստիտուցիոնալացվի, այդ հարցի լուծումը բացառվում է։ Վագիֆ Խաչատրյանի օրինակը ինձ համար շատ կոնկրետ օրինակ է, որը ցույց է տալիս, որ խնդրի լուծման ուղղությունը և ճանապարհը այդտեղ է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրներ կային, էմոցիոնալ առումով իրենց համար շատ դժվար էր հայտարարություններ չանել, տարբեր միջազգային ատյաններ չդիմել․ «Բայց եթե մենք գնայինք այդ ճանապարհով, էլի երաշխավորում եմ, որ Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա»։
Վարչապետն ընդգծել է՝ արդեն շոշափում են այն գիծը, որից հետո խաղաղությունը այլևս անշրջելի է։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վերջինս վիրահատվել է։