Մեր պացիենտի մոտ վերջին 15 տարվա ընթացքում առկա է քրոնիկ հիվանդություն, պարզ է՝ որպես գաղտնիք շատ չենք ընդլայնվի, պարբերաբար ստուգվել է Ստեփանակերտում, հետազոտությունների արդյունքով հայտնաբերվել է այդ խնդիրը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանը՝ խոսելով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակի մասին։
«Այս պահի դրությամբ քրոնիկ հիվանդության թեթև սրացում ունենք, այդ իսկ պատճառով կգտնվի կլինիկայում, կիրականացվեն համապատասխան հետազոտություններ և հետագայում արդեն ըստ վիճակի կհասկանանք»,-ասաց նա։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վարչապետը
տեղեկացրել էր նաև, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։
Հիշեցնենք՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել էին 2020 թ․ նոյեմբերին՝ պատերազմի ավարտից հետո, երբ փորձել էին աջակցություն հասցնել Ղարաբաղ: Ադրբեջանում ընկերները դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման: Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Ինչ վերաբերում է Վագիֆ Խաչատրյանին. տարեց տղամարդը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց: