Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, փա՛ռք Աստծո, բարեհաջող է անցել, և նա հիմա վերականգնման փուլ է անցնում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած 4 հայերի առողջական վիճակին:
Նախարարը տեղեկացրեց, որ վերջիններիս առողջական վիճակը մշտադիտարկվում է, իսկ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրում է պետությունը: Ինչ վերաբերում է ԼՂ-ից վերադարձած 10 հայերի և ազգությամբ ռուս ՀՀ 1 քաղաքացու առողջական վիճակին, ապա նախարարը նշեց, որ ոչ բոլորն ունեն բուժօգնության կարիք, իսկ նման կարիք ունեցողների առողջական վիճակի հետ կապված կազմակերպչական աշխատանքները ըստ կարիքի իրականացվել են և շարունակում է իրականացվել:
«Քաղաքացիներին չեմ այցելել, որովհետև այս պահին առիթ չի եղել, բայց կարծում եմ՝ կունենամ առիթ»,- ասաց նա:
Թե քանիսն են այս պահին բուժհաստատություններում, նախարարը չմանրամասնեց, միայն նշեց, որ նրանց վիճակը բավարար է, հետազոտման փուլն անցել են, և եթե ընթացիկ խնդիրներ լինեն, առաջիկայում դրանք կկազմակերպվեն:
Հիշեցնենք, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:
Վագիֆ Խաչատրյանը գերեվարվել էր 2023-ի հուլիսին՝ Հակարիի կամրջի մոտ, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ղարաբաղից մեկնում էր Հայաստան՝ բուժման նպատակով: 2025-ի դեկտեմբերի վերջին տեղեկություններ տարածվեցին, որ նրա առողջական վիճակը Բաքվի բանտում վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց:
Օրեր առաջ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը
տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայ և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն: Նախարարը
նշել էր, որ մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է: