Առիթ ենք ունեցել խոսելու, որ վերջին տարիներին էական աշխատանք է կատարվել սահմանային պահպանության հնարավորությունները մեծացնելու համար, կառուցվել են ամրացված շրջաններ, կատարվել են ինժեներական աշխատանքներ: Այդ մասին զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները ներկայացնելիս ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Վերջին օրերին մեր գործընկերների, նկարահանող խմբի հետ մենք փորձելու ենք ձեզ ներկայացնել մեր կատարած աշխատանքի մի մասը: Հիմա գտնվում ենք այդպիսի ամրացված շրջաններից մեկում՝ ՀՀ բարձրադիր լեռնային հատվածներից մեկում: Գտնվում ենք ստորգետնյա հատվածում այդ բարձրադիր շրջանի, որովհետև ամրացված շրջանն իրենից ներկայացնում է փակ համակարգ՝ երկաթբետոնե համակարգ՝ ծածկված հողային շերտով: Մենք հիմա գտնվում ենք գետնի տակ: Անզեն աչքով հնարավոր չէ դիտարկել նրան: Իհարկե, կան որոշակի բաներ, որոնք կհուշեն ամրացված շրջանի գոյության մասին, բայց դրա ներքին ցանցը տեսանելի չէ որևէ մեկի համար:
Ամրացված շրջանն ունի խրամուղիներ, որով միացվում են իրար խրամաբջիջները: Այդ խրամաբջիջները նախատեսված են թե՛ առաջնագծի, թե՛ թիկունքի ապահովման համար: Այսինքն՝ կախված տեղանքից, ամրացված շրջանները հնարավորություն ունեն շրջանաձև պաշտպանության:
Ամրացված շրջանը պաշտպանված է անօդաչու թռչող սարքերից: Իրենց կազմ-կառուցվածքով բավականին ամուր են և պոտենցիալ մարտի ժամանակ կարող են ապահովել մեր զինվորների կենսունակությունը և հնարավորություն տալ ավելի շահեկան դիրքից իրականացնել մեր երկրի սահմանների պաշտպանությունը:
Մենք ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով պետք է ունենանք նմանատիպ ամրաշինական կառույցներ, որոնք ապահովելու են մեր երկրի տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Արդեն վերջին տարիներին դրանց թիվը հասնում է մի քանի տասնյակի: Ես սա շատ կարևոր ձեռքբերում եմ համարում ԶՈՒ համար և մեր ինժեներական մտքի համար, որովհետև սա առաջին հերթին մեր զինվորներին պաշտպանվածության և միևնույն ժամանակ հոգեբանական հսկայական առավելություն է տալիս նրանց:
Եթե նաև դիտարկենք, որ սա սահմանին գտնվող ամրացված շրջան է, հենակետ է, դիրք է, նախկին մեր տրամաբանությունից սա էապես տարբերվում է, թե՛ իր հնարավորություններով, կազմով, կառուցվածքով, թե՛, իհարկե, իր ամրությամբ:
Եվ քանի որ մենք հիմա գտնվում ենք խաղաղության շրջանում, շատ կարևոր է լուսաբանել՝ ինչ է ամրացված շրջանը, ինչի համար է նախատեսված: Այն նախատեսված է տարբեր տեսակի հրաձգային զենքերով պաշտպանվելու համար, բայց միևնույն ժամանակ այստեղ կարող են լինել սպառազինության և ռազմական տեխնիկայի այլ նմուշներ»,- նշեց Սուրեն Պապիկյանը: