Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանին անդրադարձել է երկրում ընթացող ակցիաներին՝ ընդգծելով անկարգությունների մասնակիցների և մարդկանց ու հանրային սեփականությանը վնասող տարրերի դեմ պայքարի անհրաժեշտությունը։
IRIB-ին տված հարցազրույցում Լարիջանին նշել է, որ դատական համակարգը պետք է վճռական գործողություններ ձեռնարկի նրանց դեմ, ովքեր վերջին օրերին Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ սպանում են մարդկանց և վանդալիզմի ենթարկում հանրային սեփականությունը։
Նա հավելել է, որ անհրաժեշտ է տարբերակել բողոքի ցույցերը և անկարգությունները։
Լարիջանիի խոսքով՝ մինչ մի խումբ մարդիկ արդարացի բողոքի ցույցեր էին անցկացնում տնտեսական դժվարությունների դեմ, ապակառուցողական և կազմակերպված մի հոսանք միջամտել է՝ նրանց տնտեսական պահանջներից շեղելու և բռնություն հրահրելու համար։
Նա նշել է, որ հանցավոր գործողությունները, ինչպիսիք են մարդկանց սպանությունները և հրկիզումները, շատ նման են ԴԱԻՇ-ի նման ահաբեկչական խմբավորումների կողմից կիրառվող մեթոդներին՝ նախազգուշացնելով, որ նման բռնի միջոցները միայն կվնասեն հասարակությանը, կխաթարեն անվտանգությունը և կհանգեցնեն տնտեսական լճացման։
Հիշեցնենք՝ Իրանում շարունակվում են բողոքի ակցիաները: Վերջին օրերին դրանք նոր թափ են ստացել: