Հակակառավարական բողոքի ցույցերի 12-րդ օրը իրանցիները դուրս են եկել Թեհրանի և մյուս խոշոր քաղաքների փողոցներ՝ արտահայտելու իրենց զայրույթը տնտեսական ճգնաժամի և ազգային արժույթի կտրուկ արժեզրկման նկատմամբ: Ցուցարարներն այրել են ոստիկանական մոտոցիկլետներ, հեռուստակայաններ, նահանգապետների գրասենյակներ և գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի լուսանկարները՝ վանկարկելով «Մահ բռնապետին» և աջակցություն հայտնելով Ռեզա Փահլավիին։
Զանգվածային բողոքի ցույցերին ի պատասխան՝ իշխանություններն անջատել են համացանցը և հեռախոսակապն ամբողջ երկրում՝ փորձելով զսպել ցույցերի տարածումը։
HRANA իրավապաշտպան խմբի տվյալներով՝ 12-օրյա բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասել է 42-ի, այդ թվում՝ 34 քաղաքացիական անձ և անվտանգության ուժերի 8 աշխատակից, մոտ 2280 անձ ձերբակալվել է։