Իրանի կառավարությունն աշխատում է երկրում ինտերնետի կապի վերականգնման ուղղությամբ, կապի սահմանափակման մասին որոշումն անվտանգության մարմիններն ընդունել են վերջին օրերին սկսված անկարգություններից հետո, հայտնել է Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը:
«Նախարարությունը լրջորեն աշխատում է նշված ծառայությունների և կապի վերականգնման ուղղությամբ»,- ասված է նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Իրանի կառավարության Telegram ալիքում:
Գերատեսչությունից նշում են, որ ինտերնետի սահմանափակման մասին որոշումը կայացրել են Իրանի անվտանգության մարմինները։
Հիշեցնենք՝ Իրանում բողոքի ակցիաները շարունակվում են արդեն մոտ 2 շաբաթ: Ի սկզբանե ցույցերը բռնկվել էին ազգային արժույթի անկման և գնաճի պատճառով, սակայն այժմ ստացել են նաև հակակառավարական բնույթ: Երկրի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Թեհրանում լարված է, ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են արձանագրվել:
ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի մասնակիցները հրկիզել են ոստիկանական մոտոցիկլեր, հեռուստակայաններ, տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներ, ինչպես նաև Գերագույն առաջնորդ Խամենեիի լուսանկարները՝ վանկարկելով «Մա՛հ բռնապետին» և աջակցություն հայտնելով Իրանի վերջի շահի որդուն՝ Ռեզա Փահլավիին։
Ցույցերի ֆոնին ամբողջ երկրում հեռախոսային և ինտերնետ կապը սահմանափակվել է։ Հաղորդվում է, որ ցույցերի ընթացքում զոհերի թիվը հասնում է 42-ի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և իրավապահներ: Ձերբակալվածների թիվը գերազանցում է 2000-ը:
Հակակառավարական ակցիաներին զուգահեռ տարբեր քաղաքներում ցույցեր են անցկացրել նաև իշխանության կողմնակիցները: Իրանի Անվտանգության խորհուրդը մեղադրել է Իսրայելին և Միացյալ Նահանգներին երկրում անկարգություններ հրահրելու համար: Այաթոլլա Ալի Խամենեին ազգային միասնության կոչ է արել, շեշտել՝ չեն ընկրկելու ավերածություններ կատարողների առաջ: Խամենեին կոչ է արել Դոնալդ Թրամփին զբաղվել սեփական երկրի խնդիրներով: