Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում՝ հայտնել է Human Rights Activists News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, չորս երեխա և անվտանգության ուժերի երկու աշխատակից:
Իրանական Fars գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: Տեղեկության համաձայն՝ վնասվածքներ են ստացել ոստիկանության մոտ 250 աշխատակից և «Բասիջ»-ի 45 աշխարհազորային: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են նաև ցուցարարների կողմից անկարգությունների և իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին՝ չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել: Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր:
Ցույցերի ֆոնին փոխվել է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը: Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգից 26-ում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության մի քանի անդամներ հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են՝ հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Իրանի մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կմիջամտի, եթե իշխանությունները սկսեն դաժանորեն ճնշել բողոքի ցույցերը։