Իրանում վերջին օրերին զանգվածային ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի աննախադեպ անկման ֆոնին. երկրում ամերիկյան 1 դոլարի փոխարժեքը հասել է 1,4 միլիոն ռիալի: Ցույցերը սկսվել են անցյալ շաբաթ Թեհրանի գլխավոր շուկաներում, որտեղ փակվել են խանութները: Այնուհետև ցուցարարները դուրս են եկել հրապարակներ: Ցույցերի ֆոնին փոխվել էր Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարը: Բողոքի ակցիաներն ընթանում են երկրի 31 նահանգներից 26-ում: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և կառավարության մի քանի անդամներ հայտարարել են, որ ցուցարարների պահանջներն ընդունելի են՝ հայտարարելով տնտեսական նոր միջոցառումներ ձեռնարկելու մասին: Իրանի մեջլիսի նախագահն իր հերթին հայտնել է ցուցարարների օրինական պահանջները բավարարելու պատրաստակամության մասին: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են ցուցարարների կողմից անկարգությունների և իրավապահների վրա հարձակումների դեպքերի մասին՝ չնայած հավաքները հիմնականում խաղաղ բնույթ են կրել: Որոշ քաղաքներում հնչել են նաև հակակառավարական կոչեր:
Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների՝ ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, մոտ 1000-ը՝ ձերբակալվել: Հրապարակումների համաձայն՝ ցույցերի մասշտաբները զգալիորեն նվազել են, այնուամենայնիվ, որոշ վայրերում ակցիաները դեռ շարունակվում են:
Իրանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել ԱՄՆ նախագահը: Դոնալդ Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնն ուշադիր հետևում է զարգացումներին և խստորեն կարձագանքի, եթե իրանցի ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի: Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կգնա իրանցիներին օգնության, եթե խաղաղ ցուցարարներ սպանվեն:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան