ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանն այսօր նշում է ծննդյան 85-ամյակը: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Նորայր Մեհրաբյանը տասնամյակներ շարունակ ծառայել է հայկական պարարվեստին՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելով աշխարհի տարբեր բեմերում։
Պարարվեստի անվանի գործիչն իրականացրել է 5 տասնյակից ավելի խորեոգրաֆիկ բեմադրություններ, որոնց թվում՝ Բեթհովենի «Դաշնամուրային վարիացիաները», Բիզեի «Պատանեկան սիմֆոնիան», Շոստակովիչի «Թզուկի երազը», Ռոսսինիի «Տարանտելան», Օրֆի «Կարմինա Բուրանան», Սայաթ-Նովայի «Աշխարհումս», «Էշխեմեդ», Կոմիտասի «Ծիրանի ծառ», «Կռունկ», «Վաղարշապատի պար», Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրն», Երանյանի «Կիլիկիա», Խաչատրյանի «Սուսերով պար», «Վարդագույն աղջիկներ», «Գարուն -Երևան», «Ուզունդարա», «Լեզգինկա», «Շալախո», «Վալս», «Ռուսական պար», «Լեռնեցիներ» պարերը, Վ. Հայրապետյանի «Յոթ աստվածներ» և Էլբերտի «Գրիգոր Լուսավորիչ», Սաթյանի «Լիլիթ» ռոք-օպերաները:
Նա մարմնավորել է 15 կերպար, որոնց թվում՝ Կարենի կերպարը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում, ծաղրածուի կերպարը՝ Պյոտր Չայկովսկու «Կարապի լիճը» բալետում, փեսացուն՝ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» բալետում, Պաոլոն՝ Պյոտր Չայկովսկու «Ֆրանչեսկա դա Ռիմինի» բալետում, ծաղրածուն՝ Սերգեյ Պրոկոֆևի «Մոխրոտը» բալետում, Բազիլ՝ Լյուդվիգ Մինկուսի «Դոն Քիշոտ» բալետում, Տիբալտ՝ Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետում և այլն:
Նորայր Մեհրաբյանը հանդես է եկել նաև Լենինգրադի խորեոգրաֆիկ մանրապատումների բալետային խմբում:
Նա «Բարեկամություն» Հայաստանի պարարվեստի պետական համույթի հիմնադիրն է, եղել է Երևանի պարարվեստի ուսումնարանի գեղարվեստական ղեկավարը՝ միաժամանակ աշխատելով որպես դասական պարի ուսուցիչ, ինչպես նաև աշխատել է Հայաստանի պարի պետական անսամբլում` մարմնավորելով գլխավոր դերեր:
Նորայր Մեհրաբյանը կազմավորել է պարախմբեր և համույթներ Բեյրութի, Կիպրոսի, Հալեպի, Լոս Անջելեսի հայ համայնքներում, հրավիրվել ու աշխատել է համազգային «Անի» և Ֆրանսիայում «Երազ» պարի խմբերի հետ։
Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի ոսկե հուշամեդալներով և այլ պարգևներով: