ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։
«Իրանը, հնարավոր է, իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին»,- ասել է Թրամփը:
Թրամփը հավելել է, որ արդյունքը կլինի «ավելի լուրջ, քան նախորդ անգամ»։ ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը՝ Իրանի և Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի երեք միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի հարվածները։
Նա հույս է հայտնել, որ Իրանը չի աշխատում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ: Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության:
ԱՄՆ նախագահի խոսքերին արձագանքել են Թեհրանից: Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին նախազգուշացրել է՝ ագրեսիայի դեպքում Իրանի կոշտ պատասխան կտա:
Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային և պաշտպանական հնարավորությունները վերահսկողության ենթակա չեն և թույլտվություն չեն պահանջում։ Շամխանին X-ի իր միկրոբլոգում նշել է՝ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ և կոշտ պատասխանի, որը դրա կազմակերպիչները չեն կարող պատկերացնել: