Ղազախստանը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի պահանջներին համապատասխան հրապարակել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Embraer ուղևորատար ինքնաթիռի կործանման վերաբերյալ միջանկյալ զեկույցը:
Դրա համաձայն՝ հետաքննությունը հայտնաբերել է զենքի մաս կազմող կողմնակի մետաղական առարկաներ, որոնք ինքնաթիռը վնասած պայթուցիկ սարքի բեկորներ են: Միջանկյալ զեկույցում չի նշվել այդ զենքի համակարգի մոդելը: Ադրբեջանական լրատվամիջոցները արձագանքել են զեկույցին՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահն արդեն հայտարարել է, որ կիրառված զենքը պատկանում է Դաշնության ՀՕՊ ուժերին:
Հաջորդ փուլում ղազախական կողմը պետք է հրապարակի հետաքննության վերջնական զեկույցը: Ի տարբերություն միջանկյալ փաստաթղթի՝ այն պետք է լինի ավելի մանրամասն՝ արտացոլելով հետաքննության ընթացքում բացահայտված բոլոր փաստացի տեղեկությունները, վթարի պատճառների վերլուծությունը և ապագայում նմանատիպ վթարների կանխարգելման առաջարկությունները:
Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել են, 29-ը՝ ողջ մնացել։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքնաթիռի կործանման հետ կապված Բաքուն ռուսական կողմին 4 պահանջ է ներկայացրել՝ պաշտոնական ներողություն, վթարի համապարփակ հետաքննություն, մեղավորներին պատասխանատվության ենթարկում և փոխհատուցում։