Տարեվերջյան ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին:
«Չնայած այս տարի Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածությանը, որոշակի երկխոսություններ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ հարաբերությունների մեղմացման գործում էական դեր է խաղացել նաև Դուշանբեում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը։ Բայրամովը նշել է, որ Բաքուն շարունակել է ինտենսիվ շփումները Թուրքիայի, Վրաստանի և Իրանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
Ինչ վերաբերում է Բաքվում «Ռուսական տան» հնարավոր բացմանը, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է. «Ռուսական տունն» Ադրբեջանում գործունեություն է ծավալել առանց գրանցման, ինչի պատճառով էլ որոշակի ժամանակահատվածներում հիմնարկին նախազգուշացումներ են արվել: Սակայն այլ խախտումներ էլ են եղել։ Այսպիսով, որոշում է կայացվել փակել այդ կառույցը»:
Բայրամովն ընդգծել է, որ նման և այլ հաստատությունների գործունեությունը պետք է համապատասխանի ազգային օրենսդրությանը, և այդ կառույցների միակողմանի գործունեությունն անընդունելի է։