ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Այցի շրջանակում քննարկվել են կոմպոզիտորի առաջիկա ծրագրերը, ստեղծագործական գործունեության այժմյան ընթացքը և այլն:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երաժշտությունը հատկապես երեխաների հոգևոր դաստիարակության, հոգեկերտվածքի և ներաշխարհի ձևավորման կարևոր նախապայման է. «Ձեր ստեղծագործությունները մեր հանրության կյանքում իրենց կարևոր տեղն ունեն: Ձեր երաժշտությամբ սերունդներ են կրթվել, դրանք սիրված են ու շարունակում են ապրեցնել»:
Ռոբերտ Ամիրխանյանը շնորհակալություն է հայտնել այցելության և գնահատանքի համար. «Առանց ոգևորության հնարավոր չէ որևէ բան անել: Երգի մեջ ազատությունը քո մեծագույն նվաճումն է: Անկախ տաղանդից՝ եթե դպրոցներում մեր երեխաները երգեցողությամբ շատ զբաղվեն, նրանք կգտնեն ներքին ազատության ճանապարհը»:
Պաշտոնյաներն Ամիրխանյանին մաղթել են քաջառողություն, ստեղծագործելու եռանդ և դաշնամուրի մոտ հաճախ նստելու բազմաթիվ առիթներ: