Եվս 3 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Հերթական օրվա հաղթանակների սկիզբը դրել է 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա նկատելի առավելությամբ` 5։0 հաշվով պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակին:
Այնուհետև վստահ հաղթանակ է տոնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը։ Գյումրեցի մարզիկը առանց մեծ ճիգեր գործադրելու առավելության է հասել Անդրե Դո Սանթոսի նկատմամբ։
Հայաստանի հավաքականի 1/4 եզրափակչի վերջին ուղեգիրը նվաճեց 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը։ Միրեն Չեմբենի հետ մենանարտում մեկ ռաունդն էլ բավարար է եղել մրցակցին նոկաուտի ենթարկելու համար։ Ժիրայրի աջ կռոսից հետո Չեմբենին հայտնվել է ռինգի հատակին։
Այսպիսով Հայաստանի հավաքականը 1/4 է մտնում 9 բռնցքամարտիկով։ Սա աշխարհի առաջնություններում մեր հավաքականի լավագույն արդյունքն է։