ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոհ է և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ Ուկրաինայում խաղաղության հաստատման բանակցությունների առաջընթացից։
«Ռուսաստանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Ուկրաինայի հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է նա լրագրողներին։
Թրամփը կարծում է, որ կողմերը կհանգեն այն եզրակացության, որ հակամարտության լուծման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներն իրենց ձեռնտու են:
Միաժամանակ նա նշել է, որ որոշ հարցեր բարդ են և կարող են զգալի ժամանակ պահանջել բանակցությունների համար։ Նա որպես օրինակ բերել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա սահմանները։
Թրամփը նաև հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է ստանձնեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքների զգալի մասը` այնտեղ հակամարտության ավարտից հետո։
Ինչ վերաբերում է հակամարտող կողմերի ղեկավարների հետ հանդիպմանը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ կհանդիպի այն դեպքում, երբ ուկրաինական կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը վերջնական փուլում լինի։