ԱՄՆ վարչակազմը մշակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման առաջարկներ՝ հաշվի առնելով Մոսկվայի և Կիևի դիրքորոշումները, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նա շեշտել է՝ մահացու պատերազմն ավարտելու համար հարկավոր է լուրջ և իրատեսական գաղափարների փոխանակում:
«Տևական խաղաղության հասնելու համար երկու կողմն էլ պետք է համաձայնեն դժվար, բայց անհրաժեշտ զիջումների»,- հավելել է Ռուբիոն:
Արևմտյան մի շարք լրատվամիջոցներ աղբյուրներին հղումով հաղորդում են, որ ԱՄՆ-ը մշակում է հակամարտության կարգավորման նոր ծրագիր և դրա շուրջ խորհրդակցում է Ռուսաստանի հետ: Ըստ Axios-ի՝ ԱՄՆ նախագահի ծրագրով Ուկրաինան պետք է հրաժարվի իր արևելյան շրջաններից՝ Վաշինգտոնի կողմից ռուսական հետագա ագրեսիայից Ուկրաինային և Եվրոպային անվտանգության երաշխիքներ տրամադրելու դիմաց: Financial Times-ը գրում է, որ Վաշինգտոնի ծրագիրը ներառում է այդ թվում ռուսաց լեզվին Ուկրաինայում պաշտոնական կարգավիճակի տրամադրում և օտարերկրյա զորքերի տեղակայման արգելք: The Wall Street Journal-ը նշում է, որ Վաշինգտոնը, ի թիվս այլ զիջումների, առաջարկում է Կիևին՝ հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից առնվազն մի քանի տարով։ Reuters-ի աղբյուրները նույնպես հայտնել են, որ ըստ ամերիկյան ծրագրի՝ Կիևը պետք է հրաժարվի տարածքներից և զենքերի մի մասից: Ըստ NBC News-ի աղբյուրների՝ նախագահ Դոնալդ Թրամփը 28 կետից բաղկացած ծրագիրը հաստատել է այս շաբաթվա սկզբին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանը պաշտոնական խողովակներով ԱՄՆ-ից որևէ տեղեկատվություն չի ստացել Ուկրաինայի շուրջ որևէ համաձայնության վերաբերյալ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ նշել է՝ Ալյասկայում քննարկումներից բացի որևէ նոր զարգացում չկա: