Էլեկտրաէներգիայի մատակարարումը, բաշխման ծառայությունը դեռևս չի անցել հանրային կառավարման, այնտեղ հարուցված վարույթի շրջանակում նշանակվել է ժամանակավոր կառավարիչ ՀԾԿՀ նախագահի կողմից: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պտագամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ինչ իրավիճակ է այս պահին ՀԷՑ-ում, կա՞ն խնդիրներ, որոնք հանրային կառավարման ընթացքում են առաջացել:
Մեսրոպ Մեսրոպյանը նախ հիշեցրեց՝ ՀԷՑ-ի մասով վարույթն ընթացքի մեջ է, ուստի շատ բան չմանրամասնեց, իսկ ինչ վերաբերում է կառավարման ընթացքին, ապա որևէ արտառոց իրավիճակ չի եղել:
«Դիտարկվող ժամանակահատվածում՝ այս 4 ամիսների ընթացքում, որովհետև շուտով կլրանա նշանակման 4 ամիսը, որևէ արտառոց իրավիճակներ՝ կառավարման, մենեջմենթի, տեխնիկական սպասարկման, համենայն դեպս, ՀԾԿՀ-ն չի արձանագրել, ինչը արտացոլում է իրական պատկերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն
ընդունել էր մի նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Նախագծով պետությանը հնարավորություն է տրվում ունենալ արագ արձագանքման կառուցակարգեր, որպեսզի վտանգի բարձր հավանականության դեպքում գործադրվեն կանխարգելիչ միջոցներ:
ՀՀ վարչապետի որոշման համաձայն՝ Ռոմանոս Պետրոսյանը
ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից և նշանակվել ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ: