««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին ուսումնասիրություններ անցկացնելիս և որոշումներ ընդունելիս հատուկ մեխանիզմին վերաբերող մասում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է արձանագրության վավերացման հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում կա հակագնագցման կամ դեմպինգի և փոխհատուցման միջոցների մասին հատուկ կետ: Ըստ այդմ՝ եթե որևէ երկրից ԵԱՏՄ տարածք է մտնում այնպիսի ապրանք, որը շատ ցածր գին ունի և դեմպինգային հնարավորություն է ստեղծում, ապա եթե 25 տոկոս մասնաբաժին ունեցող երկիրը կամ 25 տոկոս մասնաբաժին ունեցող կազմը որևէ երկրի միջոցով դեմպինգի ռիսկ պարունակելու վերաբերյալ դիրքորոշում է հայտնում, ապա դա լրացուցիչ առաջարկի հնարավորություն է տալիս՝ որոշակի չափով տուրք սահմանելու կոնկրետ երկրից ներմուծվող որոշակի ապրանքատեսակի համար:
Առաջարկվող նոր կանոնով նախորդ կանոնակարգումը պահպանվում է, բայց եթե որևէ անդամ երկիր իրեն բացառելու հայտ ներկայացնի, ապա իրեն կարող են բացառել, սակայն մյուս երկրների պարագայում կանոնը կարող է գործել: Օրինակ, X ապրանքի գծով Ռուսաստանը կամ Բելառուսը կարող են ասել՝ ինձ բացառեք, այդ դեպքում այդ կանոնը մյուս անդամ երկրների համար կգործի: «Սա կանոնից բացառության հնարավորություն է»,- նշել է Գևորգ Պապոյանն ու հավելել. «Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք հետագծելիության համակարգը գործում է: Օրինակ՝ որևէ երկրից եկավ մտավ անդամ երկիր, որտեղ, օրինակ, վետո դրված չէ, և կա՞ արդյոք հետագծելիության մեխանիզմը, որ չներթափանցի սահմանափակում կամ տուրք դրած երկիր: Բավականին մեծ աշխատանք է կատարված ԵԱՏՄ-ում սերտիֆիկացման համակարգում եւ, ըստ էության, շատ կոպիտ և մի քանի փուլանի խախտումներ պետք է լինեն, որ դա չհայտնաբերվի: Պրակտիկորեն կարծում ենք, որ գործիքը կաշխատի ցանկացած երկրի համար»,- պարզաբանել է նախարարը:
Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետևանքներին: Նախարարը, մեջբերելով գիտական հոդվածներ այս առնչությամբ, փաստել է. «Երբ սահմանները բացվեն, մենք կկարողանանք բազմաթիվ ապրանքներ, որոնք ներմուծում ենք, կողքիններն արտահանում են, իրենցից ներմուծենք: Հետևաբար, մեր ներմուծման գինը կէժանանա, հետևաբար Հայաստանում այդ ապրանքների ինքնարժեքը կիջնի: Այն, ինչ արտահանում ենք, մեր ու իրենց արտահանումները չեն խաչվում, կամ խաչվում են կամ շատ քիչ է ինդեքսը՝ 0.25, հետևաբար մեզ այդ առումով էական վնասներ չեն լինի: Իհարկե, կան փոքր բացառություններ, բայց մեր օրենսդրությունը, ԵԱՏՄ օրենսդրությունը լիուլի հնարավորություն են տալիս տարբեր տեսակի աջակցության մեխանիզմներով ու գործիքներով այդ խնդիրը լուծել»:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանի արձանագրմամբ սահմանի բացումն այնպիսի ռիսկ չի ներկայացնում, որ մեր տնտեսությունը, մասնավորապես՝ գյուղատնտեսությունը կարող է տուժել: Էկոնոմիկայի նախարարն էլ հավելել է՝ մեր երկրի համար ռիսկ են ներկայացնում և ներկայացրել փակ սահմանները:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչև երկամսյա ժամկետով հետաձգվել է ««Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագծի ու ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկումը: