Այսօր ՎԶԵԲ-ի հետ ստորագրել եմ համաձայնագիր, որը նվիրված է մաքսային ընթացակարգերի բարելավմանը և փախստականների ու նրանց հյուրընկալող համայնքների կարիքներին: Այդ մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը:
«Մենք պատրաստ ենք ներդրումներ կատարել առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, առանցքային ենթակառուցվածքային նախագծերում՝ համահունչ ձեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության նպատակներին:
Արդյունավետ աշխատում ենք նաև միջազգային, միջտարածաշրջանային կապի օրակարգի մշակման ուղղությամբ՝ Եվրոպան միացնելով Կենտրոնական Ասիայի հետ և Հարավային Կովկասը Թուրքիայի միջոցով [Կենտրոնական Ասիայի հետ], որտեղ Հայաստանն անփոխարինելի դերակատար է»,- ասաց նա:
Ամփոփելով խոսքը՝ Կոսը հայտարարեց. «Ձեր նվիրվածությունը դիմակայունությանը և խաղաղությանը շատ կարևոր է: ԵՄ-ն շարունակելու է լինել ձեր կողքին: Շարունակեք մեզ վստահել»: