Քաղաքացիական օրենսգրքով նախատեսվում է հանրային իշխանության մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց գործողություններով ու անգործությամբ պայմանավորված մի շարք հիմնարար իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն՝ որպես պահանջ նախատեսելով այն, որ խախտումը պետք է հաստատված լինի նախաքննական մարմնի, դատախազի կամ դատարանի կողմից. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը՝ հավելելով, որ ոչ նյութական վնասի հատուցումն իրականացվում է քաղաքացիական դատավարության կարգով, ինչը ենթադրում է նաև հայց հարուցելիս պետական տուրքի վճարման անհրաժեշտություն: Արդյունքում՝ ստեղծվում է մի իրավիճակ, երբ մի կողմից պետությունը թույլ է տալիս անձի հիմնարար իրավունքի խախտում, իսկ մյուս կողմից՝ իր կողմից թույլ տված խախտման հետևանքների վերացման նպատակով, այն է՝ ոչ նյութական վնասի հատուցման դեպքում անձից գանձում է պետական տուրք:
«Նման իրավիճակը համատեղելի չէ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների էության հետ: Նախագծով սահմանվում է նման գործերով հայց հարուցելիս պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման ձևով արտոնություն, որը կիրառելի կլինի նաև Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում»,- մանրամասնել է զեկուցողը:
Նշվել է, որ հայցը բավարարվելու դեպքում ընդհանուր կանոնների ուժով պետտուրքի վճարման պարտականությունը փոխանցվելու է պատասխանողին, և հայցվորներն ազատվելու են պետտուրքի վճարման պարտավորությունից:
Փոխնախարարի խոսքով առաջարկվող լուծումը զսպող դեր կունենա այն անձանց համար, որոնք անբարեխղճորեն կարող էին վերոնշյալ հիմքով անհիմն հայցեր ներկայացնել՝ անհարկի ծանրաբեռնելով դատարաններն ու դրանով վնասելով դատական իշխանության մյուս շահառուների՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը:
Հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և հորդորել կողմ քվեարկել նախագծին:
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 8-ի ԱԺ նիստում: