Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե որքանո՞վ են քաղաքացիները գոհ կամ դժգոհ Հայաստանի կառավարության սոցիալական օգնության ծրագրերից՝ ուղղված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։
Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ուղղված սոցիալական ծրագրերից գոհունակություն է հայտնել հարցվածների 55 տոկոսը, դժգոհություն՝ 36 տոկոսը, իսկ 9 տոկոսը դժվարացել է կամ հրաժարվել է պատասխանել։

Տվյալները հավաքվել են 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով (CATI)։ Ընտրանքը կազմված է 18 տարին լրացած 1,505 ՀՀ քաղաքացիներից և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ԼՂ նախկին բնակիչներից, ովքեր այժմ բնակվում են Հայաստանում (որոնք կարող են լինել կամ չլինել քաղաքացիներ)։ Այն քաղաքացիները, ովքեր ապրել են Հայաստանում ավելի քիչ, քան 6 ամիս, չեն ներառվել ընտրանքում։
Ընտրանքը ներկայացուցչական է բջջային հեռախոս օգտագործող չափահաս բնակչության համար, որը չի ներառում չափահաս բնակչության մոտ 1.7 %-ը։
Հեռախոսահամարներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով (random digit dialing, RDD)։ Հարցմանը մասնակցելու ցուցանիշը 25% է:
Սխալի միջակայքը չի գերազանցում ±2.5 տոկոսային կետն ամբողջ ընտրանքի համար։