Կարծում եմ՝ հանրային լայն կոնսենսուսի պարագայում նման թեմաները կարող են կյանքի կոչվել, և քանի դեռ այդ կոնսենսուսը կաղում է կամ բացակայում է, դա պետք է անցնի քննարկումների բավականին երկար ճանապարհ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տեղի ունեցած ԱԺ հանձնաժողովի նիստին, որի շրջանակում քննարկվել էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը:
«Պետք է ունենանք ժամանակակից բանակ, մեր բոլոր ռեֆորմները պետք է նպատակադրված, ուղղված լինեն այս խնդիրների լուծմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ պետք է, խնդիրներ լուծելով, շարժվել այն ռեֆորմների տրամաբանությամբ, ինչ նախատեսված է Կառավարության ծրագրի մեջ:
Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ եթե հեղինակը նախագիծը թողնի շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքը նախատեսում է, որ այն հունիսի 9-ին կլինի հանձնաժողովի նիստում, իսկ եթե հանեց, ուրեմն կշարունակվեն քննարկումները:
«Բայց որ քննարկումների փուլով պետք է գտնենք լուծումներ՝ կա՛մ «այո», կա՛մ «ոչ». դա է ճանապարհը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամի դիմաց, 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամի դիմաց: