Այս նախագիծը պետք է առավելագույնս լավարկվի: Եթե հասկանանք, որ մեր առջև դրված խնդիրները լուծվում են, կա հանրային կոնսենսուս, և այն բոլոր մտահոգությունները, որ հանրության մեջ կան, ու մեր գործընկերներն ունեն, այդ մտահոգությունները փարատված կլինեն, ապա նախագիծն արդեն կգնա ընդունման ճանապարհով: Այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո, որի շրջանակում քննարկվում էր պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած՝ զինծառայությանն առնչվող նախագիծը:
«Հիմնական տարընկալումները և բազմակարծությունը, որ կան, գումարով կարճ ժամանակ ծառայելու նորմի հետ է կապված»,- ասաց պատգամավորը:
Ըստ Արմեն Խաչատրյանի՝ բանակի զորահավաքային պրոցեսն ավելի արդյունավետ դարձնելու լուրջ խնդիր կա, բայց նաև նախագծում հոդվածներ ու նորմեր կան, որոնք արժեքային տարընկալումների խնդիր կարող են ստեղծել:
«Եթե մաթեմատիկական հաշվարկով վերցնենք, այո՛, այն նախագիծն այս վիճակում ավելացնելու է մեր զորահավաքի ռեսուրսներն էլ, բանակի նյութական ռեսուրսներն էլ, դա ազդելու է պայմանագրայինների աշխատավարձի վրա դրական առումով: Եթե նույնիսկ այս վիճակով ընդունվում է, իր դրական էֆեկտներն ունի: Բայց մենք ունենք արժեքային ընկալման խնդիր, երբ ասում ենք՝ փող-քիչ ծառայություն, մեր հանրությունը շատ հակասական ընկալումներ է ունենում, ինչը բնական է և հասկանալի»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի՝ նախագիծն ինչքան երկար քննարկվի և լավարկվի, այդքան արդյունքն ավելի լավը կլինի, իսկ թե երբ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծով առաջարկվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամի դիմաց, 6 ամսով ծառայություն անցնելու դեպքում՝ 15 մլն դրամի դիմաց: