Մայիսի 20-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվեl է ուսումնավարժանք, որը նվիրված էր կենտրոնի գործունեության տասնամյակին։
Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, ինչպես նաև ՆԳ նախարարության ներկայացուցիչներ, հյուրեր։
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն շրջայց են կատարել օպերատիվ կառավարման բաժնում, ծանոթացել կենտրոնի տեխնիկական հագեցվածությանը, արագ արձագանքման կարողություններին և նորարարական լուծումներին։
Ցուցադրական վարժանքը արտակարգ իրավիճակների տարբեր սցենարներով էր՝ ավտովթար, պայթյուն, հրդեհ, արգելափակում շենքում, ականազերծում, քարաթափում և այլն։
Փրկարար ջոկատները օպերատիվորեն մարել են հրդեհը, պարանային տեխնիկայի կիրառմամբ իրականացրել տուժածների տարհանում, իսկ բարձրադիր հատվածներում ցուցադրել մագլցման հմտություններ՝ ցուցաբերելով արագ և համակարգված արձագանք։
Առաջին բուժօգնություն-ցուցադրական վարժանք իրականացրել է 911 ծառայության անձնակազմը: Իրականացվել է նաև ստացիոնար բուժօգնության կարիք ունեցող տուժածին ուղղաթիռով տեղափոխման իմիտացիա։
Կենտրոնի տարածքում ցուցադրվել է արտակարգ իրավիճակներում կիրառվող ավտոպարկը՝ հրշեջ, ջրափրկարարական, 911, առաջին բուժօգնության և այլ մասնագիտացված մեքենաներ։
Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն բարձր են գնահատել կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով համագործակցության, կուտակված փորձառության և արձագանքման արդյունավետ համակարգի կարևորությունը։
Ավարտին Կամո Ցուցուլյանն ու Վյաչեսլավ Բուտկոն պատասխանել են լրատվամիջոցների հարցերին: