Մայիսի 18-ին Թբիլիսիի քաղաքապետարանի, Սակրեբուլոյի, «Վիրահայերի միություն» ՀԿ-ի համակազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀԱԵ Վիրահայոց թեմի և Թբիլիսիի Պ․ Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ Թբիլիսիի Վախթանգ Գորգասալիի հրապարակում նշվել է Սայաթ-Նովային նվիրված 111-րդ Վարդատոնը։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատունը:

Հանդիսությանը նախորդել է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հանգչող աշուղի շիրմին վարդերի խոնարհման արարողությունը։
Դիմելով ներկաներին՝ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն ընդգծել է, որ եթե այսօր ներկաները, ապա վաղը՝ ապագա սերունդներն են միասին տոնելու Թումանյանի և Գրիշաշվիլիի հիմնադրած Վարդատոնը՝ լսելի դարձնելով Սայաթ-Նովյան պատգամները ոչ միայն հայերին ու վրացիներին, այլև աշխարհին՝ այդպիսով տարեցտարի առավել կամրջելով ու բարեկամացնելով ժողովուրդների։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարարի առաջին տեղակալ Լիա Գիգաուրին, Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն, Վրաստանի խորհրդարանի սփյուռքի և Կովկասի հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Զարքուան, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Համերգային մասը բացել է ՀՀ ժողովրդական երաժշտության և պարի ազգային նվագարանների պետական նվագախումբը՝ երգիչ Մավր Մկրտչյանի մենակատարությամբ, որին հաջորդել է ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ելույթը։

Ավանդույթի համաձայն՝ Վարդատոնին հանդես են եկել Վրաստանում գործող երգի և պարի հայկական խմբերն և մեներգիչները։
Այս տարի Վարդատոնին ներկա էր երգիչ և երգահան Հարութ Փամբուկչյանը, որը իր առաջին թբիլիսյան մենահամերգին ընդառաջ, խոսքով դիմել է ներկաներին և շնորհակալություն հայտնել Վրաստանի իշխանություններին նմանօրինակ ավանդույթը պահելու աջակցության համար։