Այսօր «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և Չինաստանի ամենահեղինակավոր պետական հիմնադրամներից մեկի՝ Soong Ching Ling-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
«Հուշագիրն ամրապնդում է երկու հիմնադրամների միջև բարեկամական հարաբերությունները՝ նպատակ ունենալով զարգացնել մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերը, ստեղծել համագործակցության հարթակ և խթանել ժողովուրդների միջև անմիջական շփումները։
Համաձայն հուշագրի՝ կողմերը՝
-
պարբերաբար կազմակերպելու են փոխայցելություններ հիմնադրամների աշխատակիցների և տարբեր ծրագրերի շահառուների համար.
-
համատեղ աշխատելու են վերապատրաստման, փորձի փոխանակման հնարավորությունների վրա.
-
ակտիվացնելու են երկկողմ հաղորդակցությունը և աշխատելու են համագործակցության նոր ուղղություններ բացահայտելու համար:
Այս հուշագիրը նոր էջ է բացում հայ-չինական բարեկամության պատմության մեջ, որի հիմքում հումանիտար կապերն են, կրթության և մշակույթի նկատմամբ սերն ու պատասխանատվությունը։ «Իմ քայլը» հիմնադրամը վստահ է, որ այս համագործակցությունն ուղղակիորեն կօգնի ծրագրերի շահառուներին՝ հնարավորություն տալով տեսնելու և ուսումնասիրելու Չինաստանի հարուստ մշակույթը, սոցիալական ոլորտում ունեցած մեծ փորձը, միաժամանակ հյուրընկալելով չինացի մասնագետների և երիտասարդների Հայաստանում։
Հուշագրի ստորագրումը Չինաստանի խոշորագույն պետական հիմնադրամներից մեկի՝ Soong Ching Ling-ի հետ կարևոր և նշանակալի ձեռքբերում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի համար։ Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից սկսված երկխոսությունն ու ձևավորված հարաբերությունները այսօր վերածվեցին փաստացի համագործակցության հուշագրի։
Նախորդ տարվա սեպտեմբերին հայկական պատվիրակությունը` Աննա Հակոբյանի գլխավորությամբ, պաշտոնական այցով Չինաստանում էր՝ մի շարք կրթական և բարեգործական կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու և փորձի փոխանակման հնարավորությունները քննարկելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։