Հաշվի առնելով 2024 թվականի հորդառատ անձրևների հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստև գետի վարարումից առաջացած հետևանքները՝ Կառավարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծ: Այն իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լիազորող նորմ նախատեսել Ջրային օրենսգրքում: Այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Կառավարությունն առաջարկում է սահմանել «ջրօգտագործման թույլտվություն» հասկացությունը, հանել ջրօգտագործողի կողմից լիազոր մարմնին ջրօգտագործման թույլտվություն ներկայացնելու պահանջը:
Օրինագծով նախատեսվում է Կառավարությանը տալ լիազորող նորմ՝ ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգի սահմանման համար, ինչպես նաև հստակեցնել մի քանի այլ նորմեր:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ օրենքի նախագիծն ուղղված է գետերի ռիսկային հատվածների ճիշտ կառավարմանը:
«Առաջարկվող փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթի են. դրանք արվում են, որպեսզի որևէ գետի մաքրման դեպքում թե՛ համայնքը, թե՛ այլ պետական մարմինը չկանգնեն հավելյալ բարդությունների առաջ»,- նշել է նախարարը:
Նա պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին՝ առաջարկելով այն ներառել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: