Ադրբեջանից հնչում են անհասկանալի հայտարարություններ, բուն գործընթացի հետ կապ չունեցող հայտարարություններ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվություններին, որոնք վերաբերում են, իբր, հայկական կողմից սահմանային կրակոցներին:
«Դուք տեսաք Կառավարության աշխատակազմի կողմից հնչած հայտարարությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից հնչող հրադադարի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ավելին՝ մենք ադրբեջանական կողմից նաև ակնկալում ենք որոշակի փաստական տվյալներ ստանալ՝ ինքներս ուսումնասիրելու համար, թե հայկական կողմից նման խախտումներ եղե՞լ են, թե՞ չէ: Ադրբեջանի կողմից որևէ փաստական տվյալ չի ներկայացվել, որովհետև այդպիսիք չեն էլ կարող լինել:
Ըստ էության, մենք ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք, որ Ադրբեջանի հետ խոսակցություններում մենք առաջարկել ենք մեխանիզմ, որով կվերահսկենք սահմանին իրավիճակը և հրադադարի հնարավոր խախտումները: Որևէ արձագանք Ադրբեջանի կողմից չենք ստանում»,- ասաց նա: