Այսօր Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի առաջին հանդիպումը, որի բանախոսն էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։
«Միջոցառմանը հրավիրված էր շարժման շուրջ 600 մասնակից, ովքեր նախկինում մասնակցել էին ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։
Աննա Հակոբյանը նշեց, որ ամիսներ առաջ սկսված շարժման այսքան մեծ թվով գաղափարակից-ընկերներ ունենալու փաստը իրեն միայն ոգևորում է, և աշխատելու է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
.jpg)
Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր բանախոսությունը՝ «Իմանալ՝ ինչպես» թեմայով։ Ելույթի ընթացքում ընդգծվեցին տարբեր ոլորտներում կրթվելու, մասնագիտանալու, հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտությունը ոչ միայն պարզապես կրթվելու, այլ նաև «իմանալ՝ ինչպես» սկզբունքով գործելու տեսանկյունից։ Անդրադառնալով փորձի և գիտելիքի կիրառելիությանը՝ վարչապետը կարևորեց հասարակության մեջ սեփական պատասխանատվության գիտակցման և շարունակական ինքնազարգացման դերը։
Բանախոսությանը հաջորդեց հարցուպատասխանի փուլը։
Այսպիսով, «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks) ոգեշնչված՝ այսօր Հայաստանում ծնվեց նոր ձևաչափով կրթական, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է հնարավորություն տալու հասարակության լայն շերտերին՝ ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
««Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում հանդես եկա բանախոսությամբ»,- տեսանյութին կից գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում։