Լրագրողները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ հետաքրքրվեցին, թե Սահմանադրության փոփոխության առնչությամբ Բաքվի հետ որևէ քննարկում հայկական կողմն ունի՞:
«Ոչ, չունի դրա հետ կապված քննարկում, որովհետև, նախ, մեր դիրքորոշումը ես արտահայտել եմ, որ մենք կարծում ենք, որ առավել ևս ՍԴ նախորդ տարվա սեպտեմբերի որոշումից հետո ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի սահմանադրությունում կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ: Բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված՝ կա հիմա արդեն նոր իրողություն: Այդ նոր իրողությունը խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Իսկ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը բոլոր այդ մտահոգությունները հասցեագրում է, լուծում է: Մենք հիմա առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ և տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը:
Առավել ևս հիմա, երբ ունենք համաձայնեցված տեքստ, երկու կողմից հաստատված, որ տեքստը համաձայնեցված է, առավել ևս հիմա ասում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախագծի առնվազն 3 հոդվածներում այդ խնդիրներին անդրադարձ կա, և այդ հարցերը լուծված են»,- նշեց նա:
«Իրենք իրենց դիրքորոշումն ասել են, ասել են, որ խնդիր են տեսնում, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում: Սահմանադրության հետ կապված հարցերը մեր ներքին հարցերն են, և մենք դա Ադրբեջանի հետ չենք քննարկում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: