Կադաստրային գների փոփոխությունների արդյունքում համայնքային հողերի գներն էականորեն բարձրացել են, ինչը նշանակում է, որ նաև համայնքային եկամուտներն են բարձրացել: Բայց վերջերս մի ահազանգ ստացա, որ համայնքային աճուրդում 1 քառակուսի մետրը 100 դրամով ձեռք բերված հողակտորը երկրորդային շուկայում 500 դոլարով է վաճառվում: Այդ մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ խնդիրն այն է, որ միկրոռեգիոնալ փաստաթղթի ընդունման արդյունքում գյուղանտնտեսական նշանակության հողը դարձել է խառը կառուցապատման հող, և վերջինիս գինը բարձրացել է: Մյուս կողմից էլ ձևական աճուրդների հետ կապված խնդիրներ կան:
«Ծիծաղելի գներով սեփականության վերաբաշխում է տեղի ունենում, և մենք դրանից նույնիսկ տեղյակ չենք լինում: Պետք է շատ հրատապ որոշումներ կայացնել»,- ասաց վարչապետը:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաստատեց՝ ձևական աճուրդներին վերաբերող բավականին շատ հայցեր կան, որոնք հաջողությամբ են պսակվում: Ապացույցների հիման վրա պարզվում է, որ աճուրդներին մասնակցում են ձևական մասնակիցներ, որոնք փոխկապակցված են համայնքների ղեկավարների հետ:
Ոլորտի խնդիրները լուծելու համար գլխավոր դատախազը առաջարկներ ունի, և եթե հանձնարարական ձևակերպվի, Վարդապետյանը խնդրեց 3 կետ ավելացնել:
Առաջինը վաճառքն աճուրդով և շուկայական գնով կազմակերպելն է, քանի որ գույքեր են եղել, որոնք գնվել են 1,5-3 մլն դրամով, բայց վաճառվել են 10-15 անգամ թանկ:
Գլխավոր դատախազի երկրորդ առաջարկը վերաբերում է աճուրդի անցկացմանը. «Պետք է փոփոխություն անել և ռեալ ապահովել հանրայնությունը, որովհետև ձևականորեն մի քանի հարթակում հայտարարություն տալով՝ կարողանում են համարել հրապարակայնությունն ապահոված: Այս առումով ունենք խնդիր, և դա համայնքների պարտականությունն է, ոչ թե Կառավարության»:
Երրորդ առաջարկով Վարդապետյանը ակնկալում է որոշակի կարգի հողեր թողնել անօտարելի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ արոտավայրի վրա մի ամբողջ այգի է կառուցված, բայց հողի կատեգորիան արոտավայր է՝ շատ փոքր, չնչին վարձավճարներով:
«Մեզ համար նաև վարույթի շրջանակում հետաքրքրում է այն, թե ոնց է այդ այգին այդ արոտավայրի վրա կառուցվել»,- ասաց նա:
Փաշինյանը նկատեց՝ ՊՎԾ-ի, ԱԱԾ-ի և այլ մարմինների միջոցով պետք է վերահսկվեն և արգելվեն ձևական աճուրդները, ապա հանձնարարեց. «Որտեղ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք: Հիմա հրապարակային ասում եմ: Եթե չկանգնեցնեն համայնքները, մենք կոնկրետ, չգիտեմ՝ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տեսնենք՝ ի՞նչ է կատարվում: Այս հարցը շատ հրատապ է: ՏԿԵՆ-ի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում 1 ամսվա ընթացքում տան առաջարկ,- ասաց Փաշինյանը և դիմեց մարզպետներին,- Գնացեք, բոլոր տեղերում հիմա ընթացքի մեջ գտնվող ինչքան աճուրդ կա, բոլորը հատ-հատ նայեք և կասեցրեք, մինչև նախնական այս հարցով գանք որոշակի եզրակացությունների»: