Եվրախորհրդարանում տեղի է ունեցել «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով քննարկում։
«Մենք հասել ենք անպարկեշտության դատավարությունների»,- քննարկմանը հայտարարել է Ֆրանսիացի եվրապատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին։
«Ալիևը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, հարձակվեց բնակչության վրա, որը պարզապես ցանկանում էր խաղաղ ապրել սեփական հողի վրա, այն հողի վրա, որի վրա ապրում է արդեն հազարավոր տարիներ:
Ալիևը արտաքսեց խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով ռումբեր, սպառազինություն և ջիհադիստ վարձկաններ և դա անելուց հետո նա դեռ մեղադրում է զոհերին»,- նշել է Բելամին։
Նրա խոսքով՝ 23 հայերի դեմ դատական գործընթացը հիշեցնում է ստալինյան դատավարությունները։
Պատգամավորը դժգոհել է ԵՄ-ի անգործությունից։
Բելամին դիմել է Էներգիայի հարցերով եվրահանձնակատարին՝ հետաքրքրվելով՝ ինչպե՞ս կարող է հիմնավորել Ադրբեջանից գազի ներկրումը։
«Ինչպե՞ս կարող ենք արդարացնել հանցագործներին, որոնք նողկալի գործողություններ են կատարում Եվրոպայում, մինչդեռ գազը դեռ հոսում է: Բաքվից գազ ստանալը նույնքան վատ չէ՞, որքան Մոսկվայից։ Նույն գազը չէ՞»,- նշել է նա։