Մեկնարկեցին Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։
«Իմ խոսքում ներկայացրեցի նախագիծն ու դրա նպատակները: Նախագծի շուրջ քննարկումներին մասնակցելու համար կարող եք դիմել՝ նամակ գրելով [email protected] էլ փոստին»,- գրել է նա:
Քննարկման ընթացքում վարչապետն անդրադարձել է հարցին՝ ինչ է գաղափարախոսությունը և ինչի համար է։ Այդ հարցին վարչապետի պատասխանը հետևյալն է՝ գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով մենք գնահատում ենք մեր գործողությունները, որոնց վրա հիմնվելով կայացնում ենք որոշումներ։
«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ինչպես ամեն գաղափարախոսություն, տվյալ դեպքում սա ենք քննարկում, պետք է արձանագրել, թե դա ինչ է և ինչի համար։ Դա, իմ գնահատմամբ, ապագայի նախագիծ է, որը իրագործվում է ներկայի մեջ, ներկա պայմաններում, սկսած ներկայից։ Սա կարևոր նրբություն է, որին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել։ Ապագայի մասին մեր ընկալումներին ու պատկերացումներին եմ ուզում անդրադառնալ․ ապագայի մասին մեր ընկալումներում երբեմն ճեղք կա, որովհետև մենք այն պատկերացնում ենք երազային, այսօրվանից անջատ, մինչդեռ կիրառելի է ապագայի այն մոդելը, որը իրագործվում է այսօր»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ երբեմն, ապագայի գործերից խոսելով, ասում են՝ դա ապագայի մասին է, այսօր ուրիշ գործեր կան, դրանք կանենք։
«Ասում են՝ ապագայի գործերը վաղը կանենք, որովհետև ապագային դեռ ժամանակ կա։ Խնդիրն այն է, որ ապագայի համար ժամանակ չկա, որովհետև ապագան այսօր է։ Եթե դու այսօր ասում ես՝ ապագայի համար հետո կաշխատենք, նշանակում է այդ ապագան կորսված է»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։