Եվրոպացի ղեկավարները Բրյուսելում արտահերթ նիստ են անցկացրել Ուկրաինայի հարցով: Քննարկումների առանցքում եղել են ԵՄ կողմից Ուկրաինային աջակցելու համար պաշտպանական ծախսերի վերաբերյալ հարցերը: Հանդիպմանը հեռակա մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Նորվեգիայի և Իսլանդիայի վարչապետները:
Եվրոպական գործընկերները և նրանց դաշնակիցները պետք է աշխատեն աջակցել Ուկրաինային և ապահովել կայուն խաղաղություն՝ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի համախոհ գործընկերների հետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի միջազգային անվտանգության համար:
«Եվրոպական անվտանգությունը միայն Միության անդամ երկրների խնդիրը չէ։ Դա մի հարց է, որը վերաբերում է բոլոր եվրոպացի դաշնակիցներին»,- ասել է Էրդողանը:
Թուրքիան շարունակում է ԵՄ-ին անդամակցելու իր հայտը, ասել է նա՝ հավելելով.
«Մենք ակնկալում ենք, որ Միությունը ռազմավարական մոտեցում կընդունի և, հետևաբար, հնարավորինս շուտ կվերականգնի մեր անդամակցության բանակցությունները»:
Էրդողանն ընդգծել է Թուրքիային այնպիսի մեխանիզմներում ընդգրկելու կարևորությունը, ինչպիսին է Խաղաղության եվրոպական հիմնադրամը, որը կենտրոնացած է Ուկրաինայի վերակառուցման և վերակենդանացման վրա։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմին, Էրդողանը նաև շեշտել է ամուր դիվանագիտական հիմքի կարևորությունը, որտեղ սեղանի շուրջ կլինեն երկու կողմերն էլ: Թուրքիայի ղեկավարը նաև ընդգծել է անդրատլանտյան կապի առավելագույն չափով պահպանման և Ամերիկայի ամուր աջակցությունն ունենալու կարևորությունը։
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։