Հունգարիայի ԵՄ նախագահության ավարտին վարչապետ Վիկտոր Օրբանը փորձել է նոր ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական հականարտության կարգավորման համար։ Հունգարիան Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկել է «Սուրբ ծննդյան հրադադար» հաստատել և գերիների լայնածավալ փոխանակում իրականացնել:
Սակայն Ուկրաինայի նախագահ Զելենսկին մերժել է առաջարկը, նաև քննադատել Օրբանին Ուկրաինայի հարցով նախագահ Պուտինին զանգահարելու համար: Նա պնդել է, որ առանց Կիևի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի մասին քննարկում չի կարող լինել:
Ավելի վաղ Մոսկվան ու Բուդապեշտը հայտնել էին երկու երկրի ղեկավարների հեռախոսազրույցի մասին։ «Կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում ուկրաինական հարցերի շուրջ։ Վիկտոր Օրբանը շահագրգռված է նպաստել ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման ուղիների համատեղ որոնմանը, ներառյալ՝ հաշվի առնելով իր շփումները մի շարք արևմտյան առաջնորդների հետ»՝ հայտնել են Կրեմլից։
Հունգարիան ԵՄ այն փոքրաթիվ երկրներից մեկն է, որը հարաբերություններ է պահպանում Կրեմլի հետ նույնիսկ Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։ Վիկտոր Օրբանը բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների և Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու դեմ: