Հունիսի 23-ի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շտապ հեռագիր է ուղարկել ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուներին ամբողջ աշխարհում՝ արգելելով մեկնաբանել Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության խռովությունը, ինչ-որ մեկի հետ քննարկել Ռուսաստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Axios պորտալը:
Այդպիսով՝ Վաշինգտոնը ցանկանում էր երաշխավորել, որ ԱՄՆ-ը ներգրավված չէ Ռուսաստանի ճգնաժամին:
Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել էր, որ շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով շփումներ է ունեցել Ռուսաստանի իշխանությունների հետ, որոնց ընթացքում հերքվել է Վաշինգտոնի մասնակցությունը Եվգենի Պրիգոժինի ապստամբությանը։
CNN-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Միացյալ Նահանգներն իմացել է «Վագների» մոտալուտ ապստամբության ծրագրերի մասին, սակայն որոշել է տվյալները հաղորդել միայն «ընտրյալ դաշնակիցներին», որոնց թվում են եղել բրիտանական կառավարության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչներ։
CNN-ը նաև նշում է, որ ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչների համար այս տեղեկատվության հասանելիությունը նույնպես չափազանց սահմանափակ է եղել։ «Վագների» ծրագրերի մասին տեղեկություններ են փոխանցվել միայն ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև ԱՄՆ Կոնգրեսի ղեկավարությանը։