Գնահատականը եղել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման պարագայում հեշտ չի լինելու, բայց ՊԲ-ն և ՀՀ ԶՈՒ-ն ի վիճակի են կատարել իրենց առջև դրված խնդիրը. ընդ որում՝ այդ թվում՝ այն ձեռքբերումների արդյունքում, որոնք իրականացվել են: 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ԳՇ-ից հնչե՞լ են գնահատականներ ԶՈՒ մարտունակության, հավանական պատերազմի ժամանակ մեր հնարավորությունների և ներուժի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ ՀՕՊ միջոցներ են ձեռք բերվել, և հիշեցրեց Սու-երի մասին քննարկված փաստը:
«Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդրր. ասեք՝ ինչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք. դուք պատկերացնո՞ւմ եք՝ գերժամանակից ինքնաթիռ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այդ ինքնաթիռները ձեռք բերելու նպատակահարմության վերաբերյալ նամակ է ուղարկել իրեն, որն էլ ինքը մակագրել է ՊՆ-ին:
«Ասել եմ՝ այսպիսի տեսակետ կա, քննարկեք և ասեք: Ստացել եմ պատասխան, որ քննարկել ենք, և մեր եզրակացությունն այն է, որ դա մեզ պետք է: Ասել եմ՝ որ պետք է՝ կունենաք: Է՞լ ինչ է պետք: Պետք են ՀՕՊ միջոցներ: Ի՞նչ է պետք դրա համար. այսքան գումար: Կունենաք: Է՞լ ինչ է պետք: Այսինքն՝ 2020 թ. մինչև պատերազմի վերջը նույն սկզբունքով եմ առաջնորդվել: Կոչում է պետք՝ կունենաք, մեդալ է պետք՝ կունենաք, փող է պետք՝ կունենաք, սնունդ է պետք՝ կունենաք: Քննադատում են, ասում են՝ պարգևատրեց, էս արեց, էն արեց: Այդ նույն սկզբունքի շրջանակներում ասել եմ՝ բանակն ինչ ասի, ես «չէ» չեմ ասելու, բանակը «չէ» բառը ինձնից չի լսելու: Ինչ պետք է, կունենաք, և ինչ ինձնից ուզել են, ունեցել են: Իհարկե, օբյեկտիվ սահմանափակումներով»,- նշեց վարչապետը:
Նա ասաց, որ կողմնորոշվել է ինստիտուտի տված կարծիքի հիման վրա: «Որովհետև այսօր նույն հարցը կարող է հնչել, որ մենք վարչապետին ասում էինք՝ Սու-30 է պետք, վարչապետը գործադիր իշխանություններին չլսեց, Անդրանիկ Քոչարյանին լսեց»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: