Հայաստանի իշխանությունը ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չի ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, Ազգային ժողովում 2022 թվականի բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավելեց, որ Արցախի կարգավիճակը որոշելու հավակնություն Հայաստանը չի էլ ներկայացրել:
Նախարարը նշեց՝ Երևանը պետք է փորձի ապահովել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեխանիզմ ու հարթակ:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Բոլորս գիտենք, թե ինչպիսի իրավիճակ է Լեռնային Ղարաբաղում: Այդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն ոչ մեր կողմից, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, ընտրված մարմինների, լիազոր ինստիտուտների կողմից:
ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի գլխավոր դիվանագետը շեշտեց՝ Հայաստանն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ըստ Միզոյանի` անկախությունից ի վեր այն ճանաչել են Հայաստանի բոլոր իշխանությունները, նորությունը հստակ թվեր նշելն է:
Արարատ Միրզոյան - Մենք համարժեք նույն վստահեցումները լսել ենք ադրբեջանական կողմից` այն մասին, որ իրենք էլ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Հայաստանի կողմից Ադրբեջանը 86 600 ք/կմ մակերեսով, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանը 29 800 ք/կմ մակերեսով ճանաչելը քաղաքական հայտարարություններ են, ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, թե Ադրբեջանի որևէ պաշտոնյա հստակ ասե՞լ է, որ Հայաստանի տարածքը 29 800 քառակուսի կմ է՝ նշեց Միրզոյանն ու հավելեց՝ չեն ասել, բայց այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահը բանակցային հերթական ռաունդից հետո, և Ալիևի կողմից որևէ հերքում չի եղել: Նախարարը հստակեցրեց՝ խաղաղության պայմանագրում տարածքների հստակ մակերեսներ չեն արձանագրվի:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունն առաջիկայում հրապարակավ հանդես կգա Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչման հայտարությամբ, հակառակ դեպքում հայկական կողմի մտահոգությունը կպահպանվի, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ:
Արարատ Միրզոյան - Սրա մասին էր 2022թ սեպտեմբերի ագրեսիան՝ ներխուժումը ՀՀ տարածք, մինչև այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը: Այո, գուցե իրատեսական չէ սահմանազատման աշխատանքն ամբողջությամբ արագ անել, բայց գոնե սամանազատման աշխատանքի պարամետրերը , հիմքերն առավելագույնս հստակ և ավելի քիչ մեկնաբանությունների տեղ թողնող ձևակերպումներով պարամետրերի սահմանման հասնելը մեզ համար առաջնահերթ է: Մենք ունենք մտահագություն, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում` փոքր, մի դեպքում՝ մեծ, և մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է շուտ ֆիքսվի:
ԱԼԻԵՎԸ ՉԻ ԱՌԱՐԿԵԼ 1975 Թ. ՔԱՐՏԵԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ. ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանի Անվտանգության խորհդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրեր»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց կա: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ի պատասխան հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։
«Հայաստան» խմբակցության պատգավոր Գառնիկ Դանիելյանի՝ քարտեզներին վերաբերող հարցին ի պատասխան` Միրզոյանը պարզաբանեց.
Արարատ Միրզոյան - Որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները, դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, բայց կա պարտավորություն, հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ: Սա է, որ անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում սրա շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ քարտեզով` պայմանավորվածություն չկա: Որքանով ինձ հայտնի է՝ վերջին քննարկման ժամանակ՝ Քիշնևում, Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ: Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա շարունակել աշխատանքները՝ ողջ միջազգային հանրության կողմից և ՀՀ-ի կողմից:
ԱՆԿԼԱՎՆԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Խոսելով անկլավների մասին՝ արտգործնախարարը հայտնեց, որ դրանցով պետք է զբաղվի սահմանազատման հանձնաժողովը, քանի որ քաղաքական առումով անկլանվեր եղել են, բայց դրանց ծագման իրավական հիմքերը դեռ ուսումնասիրության կարիք ունեն։ Միևնույն ժամանակ հիշեցրեց ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արծվաշենի մասին, շեշտեց, որ դրա գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում չկա: Նախարարն անդրադարձավ նաև ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու համար Հայաստանի նախապայմաններին:
Արարատ Միրզոյան - Նախապայման չկա, նախագծի որոշման մեջ կա այսպիսի մի բան․ սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է, ըստ այդմ` կարիք կա ուղարկել մոնիթորինգային առաքելություն։ Սա, մեր պատկերացմամբ, պետք է լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի անդամ ենք մենք։ Մեր գործընկերների կողմից մինչև այս պահը նման պնդում անելը հնարավոր չի եղել։ Չֆիքսելով, որ ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է սեպտեմբերյան ագրեսայի ժամանակ, ստացվում է, որ լեգիտիմացվում է ադրբեջանական խոսույթը։ Մեր դաշնակիցներն ավելի լավ է` որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի խոսույթը այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին և ասել, թե ով ում տարածք է մտել:
Բուն կատարողականում Միրզոյանը նշեց, որ Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն: Խոսելով օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մասին՝ Միրզոյանը հայտնեց, որ 2022թ-ի ընթացքում ՀՀ-ն հավատարմագրել է ոչ ռեզիդենտ 4 նոր դեսպանի: Ընդհանուր առմամբ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում:
Հեղինակ` Անի Օհանյան