Տեղ գյուղից դեպի համապատասխան սահմանային գոտի, որտեղ այդ գոտի գնալու խնդիրներ կան, կա ոստիկանական անցակետ, և ոստիկանությունը մեր տարածքում, ըստ անհրաժեշտության, բազմաթիվ անցակետեր է դնում կամ պարեկային շրջիկ երթևեկություն է իրականացնում: Ադրբեջանն ի՛նչ գործ ունի ընդհանրապես խառնվի, թե մենք որտեղ ենք անցակետ դնում. նման բան չկա և չի կարող լինել. անդրադառնալով Տեղ գյուղի ճանապարհին Ադրբեջանի անցակետեր տեղադրելու հավանականության մասին լրագրողի հարցին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածք ներթափանցած Ադրբեջանի քաղաքացիներին վերադարձնելու հարցին, նա ասաց. «Դեռևս նման հնարավորություն չեմ տեսնում: Եթե տեղի է ունեցել հանցագործություն՝ մարդասպանություն, սահմանի խախտում, դա պետք է ամբողջությամբ քննվի, պարզաբանվեն բոլոր հանգամանքները, նոր դրանից հետո քաղաքական պրոցեսներ լինեն: Մենք էլ այնտեղ գերիներ ունենք, և ինչ պրոցեսներ կընթանան՝ չեմ կարող ասել, բայց մի բան հստակ կասեմ, որ քննությունը դատախազությունում և քննչական մարմիններում չի ընդհատվելու, արարքը որակվելու է, և հանցագործը դատի է տրվելու: Դրանից հետո ինչ պետական պայմանավորվածություններ կլինեն՝ կախված է իրավիճակից»:
Անդրադառնալով հայ գերիների հետ փոխանակման գործընթացի բանակցությունների հավանականությանը՝ Խաչատրյանն ասաց, որ նախաքննության ընթացքում բացառում է:
Խոսելով Տեղ գյուղի մոտ միջադեպից հետո ստեղծված իրավիճակի մասին՝ Արմեն Խաչատրյանն ասաց, որ հարաբերականորեն խաղաղ վիճակ է, ինժեներական աշխատանքները երկուստեք ընթանում են: «Ադրբեջանական կողմը դիրքեր է կառուցել նաև այն հատվածներում, որոնք մեր վարչական տարածքում են. բոլորս այդ մասին գիտենք, և այն, ինչը գտնվում է մեր վարչական տարածքում, այդտեղ ադրբեջանցի չպետք է լինի: Հիմա ոնց կհասնենք դրան՝ ժամանակը ցույց կտա»,- նշեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ մեր բանակը կարողացել է շատ կարճ ժամանակահատվածում մեծ ծավալի ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որպեսզի այդ հատվածի ուղղությամբ նման փորձերը կանխվեն: «Մի շարք նման փորձեր են եղել և կանխվել են»,- ասաց Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակել էին Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։