Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ նախկին իշխանության ներկայացուցիչների այն պնդումներին, թե այս իշխանությունը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունները:
«Ինչո՞վ են փչացել, բայց եթե փչացել են կամ փչանալու մասին են խոսում, ես ուզում եմ հիշեցնել, որ նախկին իշխանության օրոք է առաջին անգամ եղել, երբ Ռուսաստանն Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք է կնքել: Բա իրենք լավ հարաբերություն պահող էին, այդ ի՞նչ արեցին, որ մեր ռազմավարական դաշնակիցը 2011 թե 2012 թվականին առաջին անգամ զենքի վաճառքի գործարք կնքեց Ադրբեջանի հետ, ընդ որում՝ խստորեն սահմանափակեց զենքի մատակարարումները Հայաստանի Հանրապետությանը: Ես դա որևէ տեղից չեմ իմացել, ես դա իմացել եմ 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից, որն արխիվում շատ լավ պահպանված է «հույժ գաղտնի» գրիֆի ներքո»,- Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Ասում են, թե ՀԱՊԿ-ի հետ կապված մենք պրոբլեմ առաջացրեցինք, բայց դա ՀԱՊԿ-ի հետ կապված ամենամեծ պրոբլեմն է: Ո՛նց առաջացրին իրենք այդ պրոբլեմը՝ թող պատասխանեն»,- ավելացրեց Փաշինյանը:
Անդրադառնալով հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին՝ վարչապետն ասաց հետևյալը.
«Կարծում եմ՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների և՛ դինամիկան եք տեսնում, և՛ տեսնում եք այն խնդիրները, որոնք կան: Մենք երբեք ոչ մի նյուանս չենք ուզում թաքցնել»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները պարզ են, հրապարակային, թափանցիկ, լեգիտիմ և արդարացված: