Աշխատանքային այցով Կահիրեում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը Արաբական պետությունների լիգայի խորհրդի նախարարական նիստի շրջանակում երեկ և այսօր հանդիպումներ է ունեցել:
Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպմանը անդրադառնալով հունվարին Եգիպտոսի նախագահի՝ Հայաստան պատմական այցին՝ երկուստեք նշվել է, որ այն նոր խթան կհանդիսանա գործակցության ընդլայնման համար: Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման զարգացումները և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից լարվածության սրումը: Հայաստանի ԱԳ նախարարն անթույլատրելի է համարել բացառապես քաղաքական ու հումանիտար խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու Ադրբեջանի փորձերը: Կողմերն ընդգծել են տարածաշրջանի նկատմամբ միջազգային հանրության ուշադրության պահպանման և շահագրգիռ դերակատարների կառուցողական ներգրավածության կարևորությունը: Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացը:
Հորդանանի գործընկերոջ հետ քննարկել են հայ-հորդանանյան երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Արարատ Միրզոյանը և Այման Ալ-Սաֆադին անդրադարձել են քաղաքական երկխոսության ընդլայնմանը, կարևորել բարձրաստիճան փոխայցերն ու միջազգային հարթակներում ակտիվ գործակցությունը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը: Ընդգծվել է հակամարտությունները բացառապես բանակցությունների և երկխոսության միջոցով կարգավորելու կարևորությունը: Նախարար Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի՝ կրոնական գործոնի շահարկումները, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի ու արաբական աշխարհի միջև ավանդական ջերմ հարաբերությունները խաթարելու անհիմն փորձերը:
Լիբանանի արտգործնախարար Աբդալլահ Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ էլ զրուցակիցները նշել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության և մշակութային ընդհանրությունների վրա, ընդգծել Լիբանանի հասարակական-քաղաքական կյանքում հայ համայնքի ներդրումը:
Լիբանանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նույնպես Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից կրոնական գործոնի շահարկումները:
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին անդրադառնալով՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելը հրամայական է:
Արաբական պետությունների լիգայի խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Խալիֆա Շահեն Ալ-Մարարի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական կապերը, կանոնավոր ուղիղ չվերթների արդյունավետությունը և զբոսաշրջության հետագա զարգացման, ներդումային ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմն իր շարունակական սադրանքներով և առավելապաշտական նկրտումներով մարտահրավեր է նետում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
Գործընկերոջը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը և կարևորել առանց նախապայմաների միջանցքի ապաշրջափակումը:
Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ Արաբական պետությունների լիգայի անդամ երկրներն այլ միջազգային հարթակներում կհակազդեն բացառապես քաղաքական և հումանիտար բնույթի խնդիրներին կրոնական երանգ հաղորդելու Ադրբեջանի հետագա ցանկացած փորձի։
Կահիրեում նիստի շրջանակում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ հանդիպել է Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարի դիվանագիտական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսսա Ալ-Հարսիի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգային հարցերին և Հարավային կովկասում իրավիճակին։
Հեղինակ՝ Աննա Զախարյան