ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՆՅՈՒ ԴԵԼԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼԻ ՀԵՏ
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովին մասնակցելու նպատակով Հնդկաստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Զրուցակիցները կարևորել են փետրվարի 20-ին Հայաստանում գործունեությունը սկսած ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, մտքեր փոխանակել երկկողմ գործակցության օրակարգի շուրջ:
Անդրադառնալով տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերին՝ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ընդգծել նաև Ադրբեջանի կողմից առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեքստում կարևորվել է նաև միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որ Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցի կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:
ՀՀ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԼՂ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն Արարատ Միրզոյանը քննարկել է նաև Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խոստորեն հետևելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ հարցերին:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ԵՄ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
Նախարար Միրզոյանը Նյու-Դելիում հանդիպել է նաև Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմին: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում գրանցված ձեռքբերումներին և ընդգծել Հայաստանի գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը: Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության դերը, որի տեղակայման որոշումը կայացվել է ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։
Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին:
Հեղինակ` Նորայր Շողիկյան