ՀՀ պետական բյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է 2023 թ. սուբվենցիայի ծրագրային ամբողջական փաթեթների ներկայացման վերջնաժամկետ սահմանել՝ մարզպետարաններ ներկայացնելու համար` մինչև 2023 թ. մարտի 6-ը, իսկ նախարարություն՝ մինչև 2023 թ. մարտի 15-ը։ Այսպիսով՝ 2023 թ. Միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի անցկացման համար վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի մարտի 31-ը։ Միաժամանակ, հաշվի առնելով համայնքների միավորման գործըթնացի արդյունքում ներկայացվող սուբվենցիայի մեծածավալ փաթեթների առկայությունը և դրանց համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում համալիր փորձաքննությունների, մատակարար կազմակերպությունների և ոլորտային գերատեսչությունների հետ նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայնցեցման գործընթացները, առաջարկվում է փոփոխություն կատարել սուբվենցիայի հայտերի ու ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետներում: Մասնավորապես՝ նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման համար սահմանել վերջնաժամկետ՝ համայնքների համար՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա մայիսի 5-ը (հուլիսի 10-ի փոխարեն), իսկ մարզպետարանների համար՝ մայիսի 10-ը (հուլիսի 15-ի փոխարեն), ամբողջական փաթեթները մարզպետարաններից նախարարություն ներկայացնելու համար սահմանել վերջնաժամկետ՝ ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 5-ը (նոյեմբերի 30-ի փոխարեն)։ Առաջարկվում է սուբվենցիայի ամբողջական փաթեթներում ներառել բնակավայրի փողոցների կառուցման/նորոգման դեպքում՝ հատակագծերով սահմանված փողոցների ընգծված պատկերը, ինչպես նաև այդ ճանապարհների սպասարկման ու պահպանման ծախսերը համայնքային բյուջեում և միջնաժամկետ ծախսային ծրագրում ներառելու վերաբերյալ տեղեկանքի պարտադիր առկայությունը, իսկ ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման դեպքում՝ ծրագրի արդյունքում ակնկալվող ոռոգելի հողատարածքների և դրանց չափերի քարտեզային պատկերի առկայությունը փաթեթում։
Կառավարությունն ընդունել է որոշում՝ Արագածոտնի մարզի Թալին համայքում բացահայտված առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապությամբ պայմանավորված: Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով Արագածոտնի մարզի Թալին համայքը համայնքի սեփականություն հանդիսացող՝ 169.8614 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ որպես պետական սեփականություն, նվիրաբերում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որի համար դրամական փոխհատուցում չի ստացել։ Թալին համայնքի առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով ներկա պահին այս փուլի աշխատանքների իրականացման համար նախատեսվում է հատկացնել 350 մլն ՀՀ դրամ գումար՝ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում կապիտալ նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: Թալին համայնքի մի շարք բնակավայրերում նախատեսվում է իրականացնել շուրջ 140 մլն դրամի ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 210 մլն դրամի շրջանակում իրականացնել ոռոգման և խմելու ջրի ներքին ցանցերի հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներ։ Միաժամանակ ՀՀ կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում, որ համայնքի առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով հաջորդ փուլերի համար ևս հատկացնել 350 մլն դրամ, որից՝ շուրջ 100 մլն դրամի շրջանակներում Թալին համայնքի մի շարք բնակավայրերում կիրականացվեն մանկապարտեզների շենքերի վերանորոգման ու կառուցման աշխատանքներ, շուրջ 70 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն համայնքային նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ, ինչպես նաև շուրջ 180 մլն դրամի շրջանակներում կիրականացվեն Թալին համայնքի մի շարք բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներ։