ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները 54 տոկոսով աճել են: Քաղավիացիայի կոմիտեում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել կառույցի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը:
Մանրամասներ են ներկայացվել «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայանների, «Էրեբունի» և «Սյունիք» օդանավակայանների վերաբերյալ: Նախատեսվում է, որ Հայաստանում գործող՝ օդանավ շահագործողի վկայական ունեցող ավիաընկերությունների թիվը կհասնի 11-ի: Նշվել է, որ 2021 թ. շուկա մուտք գործած օտարերկրյա ավիաընկերությունների թիվը 4-ն է եղել, 2022-ին՝ 9-ը: Հայաստան և Հայաստանից չվերթեր է իրականացնում 35 ավիաընկերություն՝ 45 ուղղությամբ: Վարչապետին զեկուցված տվյալների համաձայն՝ Ֆ/Ս ՀՀ օդանավակայանների ուղևորափոխադրումները 2021-ին եղել են 2 400 351, իսկ 2022-ին՝ 3 698 256:
Նախորդ տարվա ընթացքում ավիացիայի ոլորտը համալրվել է շուրջ 500 նոր աշխատակցով:
Օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման ու վերահսկողության կապակցությամբ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ շարունակվում են հետևողական աշխատանքները Եվրոպական միության թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ից դուրս գալու ուղղությամբ: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել հայկական ավիաընկերությունների վերասերտիֆիկացում, մասնագետների վերապատրաստում: Քաղաքացիական ավիացիայի զարգացման համար նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր համակարգ, ավիացիոն առարկաներ դասավանդողների և հրահանգիչների պատրաստման ծրագրեր իրականացնել:
Քայլեր են իրականացվելու գործող ավիաուսումնական կենտրոնների զարգացման և ժամանակակից ու միջազգային ստանդարտներին համապատասխան նոր ավիացիոն ուսումնական կենտրոնների ստեղծման, ներքին օդանավակայանների շահագործման վերականգնման, նաև միջազգային բեռնափոխադրումների զարգացմանն ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի գործունեության հնարավորություններին ու այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:
Վարչապետն ընդգծել է ավիացիայի ոլորտի զարգացման կարևորությունը և նշված բոլոր ուղղություններով աշխատանքների հետևողական իրականացման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը մի շարք հանձնարարականն է տվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան