ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձրաստիճան նիստի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները: Արարատ Միրզոյան ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը ընդգծել է առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղի շրջափակումն անհապաղ դադարեցնելու հրամայականը՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Այս համատեքստում ընդգծվել է նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց որոշման իրականացումը։
Արարատ Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգության և կայունության խնդիրներին, քննարկել երկկողմ և բազմակողմ հարթակներում գործակցությանն առնչվող հարցեր: Գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Իրանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Նախարար Միրզոյանը Ժնևում այցելել է Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կենտրոնակայան, հանդիպել կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Միրզոյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ գործունեությունը Հայաստանում՝ ուղղված հումանիտար խնդիրների լուծմանը: Այս համատեքստում արժևորվել են կառույցի ջանքերն Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի, բռնի անհետացման դեպքերի և անհետ կորած անձանց ճակատագրերի բացահայտման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները։
Նախարարն ընդգծել է՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է ստանձնած հանձնառությունները, ինչպես նաև միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության նորմերը: Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել Կարմիր խաչի ակտիվ ներգրավվածությունը հումանիտար մարտահրավերների հասցեագրման գործում, շեշտել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու, ինչպես նաև միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար հասանելիություն ապահովելու հրամայականը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հայկական կողմի ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները նախարար Արարատ Միրզոյանը քննարկել է նաև ՄԱԿ Մարդու իրավունքների Բարձրագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Արտգործնախարարը շեշտել է ՄԱԿ համապատասխան մարմինների միջամտության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիություն ապահովելու կարևորությունը:
Արարատ Միրզոյանը նաև նշել է՝ 44-օրյա պատերազմի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Բաքվի ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել են մարդու իրավունքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է մինչև օրս Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հրամայականը:
Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
Հեղինակ` Նորայր Շողիկյան