Շարունակվում է «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտի կարգավիճակ ձեռք բերելու համար ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների դիմումների ընդունման գործընթացը։
Դառնալով «Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ՝ ընկերությունները հնարավորություն են ստանում սեփականության իրավունքով նվիրատվություն ստանալ 250 կամ 500 քմ հողատարածք՝ գրասենյակ կառուցելու համար:
Գևորգ Մանթաշյան (ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ) - Հողատարածքը տրամադրվում է անհատույց՝ շինարարության պայմանով, ռեզիդենտները իրենք իրենց ռեսուրսների, իրենց հաշվին կառուցում են նախապես պայմանավորված տիպերին համապատասխան, որպեսզի ընդհանուր մթնոլորտը՝ իր ճարտարապետական տեսքով, լուծումներով չտարբերվի մյուսից: Համարում ենք, որ այդ ստանդարտը շատ կարևոր է պահպանել, որպեսզի որոշակի հավասարություն լինի ու ավելի ներդաշնակ միջավայր:
Այս պահին արդեն 11 ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերություն ձեռք է բերել ռեզիդենտի կարգավիճակ, 10-ից ավելի տեղ դեռ կա:
Գևորգ Մանթաշյանն ասում է՝ ռեսուրսները անսահմանափակ չեն, սակայն ուզում են, որ մրցունակ կազմակերպություններ հայտնվեն այս տարածքում, որպեսզի ձեռքբերումները մեծ լինեն:
Գևորգ Մանթաշյան - Շատ կարևոր է, որ ինժեներության ժամանակ ունենան տարբեր սարքեր և սարքավորումներ, դրանք հիմնականում շատ թանկարժեք են, ու մի սարքը մի կազմակերպության համար առնել, որը դեռ զարգացման սկզբնական փուլում է կամ թեկուզ միջին փուլում, միշտ չէ, որ նպատակահարմար է, դրա համար ընդհանուր լաբորատորիա ունենալը, որ կարողանա սպասարկել բոլոր մասնակիցներին՝ ռեզիդենտներին, ավելի նպատակահարմար է, ու դա կարևոր օղակներից ու առավելություններից մեկն է:
«Ինժեներական քաղաքի» ռեզիդենտ դառնալու համար պետք է դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Միջգերատեսչական հանձնաժողովը քննում է հայտերն ու ընտրում կազմակերպություններին:
Ստեփան Մարգարյան (Փոխվարչապետի գրասենյակի ծրագրերի կառավարման գրասենյակի տնօրեն) - Ծրագրի շրջանակներում կառուցվելու է բիզնես աքսելերատորի շենքը, որտեղ լինելու է ընդհանուր տարածք, աքսելերացիոն տարածք, ինկուբացիոն տարածք, լսարաններ, առանձնացված տարածքներ ռեզիդենտ ընկերությունների համար:
Ծրագրին կարող են դիմել նյութագիտության, էլեկտրոնիկայի, ռոբոտաշինության և նման այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան