Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաներն ու բիզնես համայնքը մեկտեղել է Սիլիկոնյան հովտի միջազգային տեխնոլոգիական չորրորդ գագաթնաժողովը: Ոլորտի առաջատարները քննարկում են, թե ինչպես խելացի լուծումներ կիրառել տնտեսության տարբեր ճյուղերում: Տարեվերջյան ամփոփիչ գագաթնաժողովին մասնակցում է նաև ԱԺ փոխնախագահը: Ըստ Հակոբ Արշակյանի՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիական ոլորտը շարունակում է վստահորեն առաջնորդել տնտեսությունը՝ հանդիսանալով ամենաարագ աճող և զարգացող ճյուղը:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Տարածաշրջանում բազմաթիվ երկրներ մրցավազքի մեջ են իրենց հարկային համակարգերով, ենթակառուցվածքային ծրագրերով, տարբեր ուղղություններով մեծ ընկերությունների հետ բանակցելու մարտավարությամբ: Սա անհրաժեշտ է որպես մարտահրավեր ընդունել և շարունակել այս ուղղությամբ աշխատել ու ջանքեր գործադրել: Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը թեպետ առաջատար է աճի տեմպերով, այնուամենայնիվ, կիրառման գործիքակազմը թե՛ հասարակությունում, թե՛ բիզնեսի կողմից ոչ այնքան բարձր մակարդակի վրա է:
Գագաթնաժողովի խորագիրն է «Սիլիքոն մաունթինս»՝ «Սիլիկոնյան լեռներ», հայտնի Սիլիկոնյան հովտի՝ հայկական աշխարհագրությանը հարմարեցված տարբերակը:
Էդուարդ Մուսայելյան (ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն) - Անգամ խորագիրը հուշում ա, որ մենք ուզում ենք մեր փիլիսոփայությունն առաջ տանենք և մեր երազանքն իրականություն դարձնենք, որ տարածաշրջանում մենք լինենք Սիլիկոնյան հովիտ, եթե չունենք հովիտ, գոնե սարեր ունենանք: Այսինքն՝ մենք ուզում ենք առաջադեմ լինենք, առաջատար լինենք նաև այս ոլորտում, որ փորձենք թվայնացման գործընթացը մեզ մոտ ավելի սահուն ու արագընթաց:
Հայաստանյան ընկերությունների 91 տոկոսն ունի թվայնացման խնդիր՝ այս համոզմանն է էկոնոմիկայի նախարարը: Տնտեսությունն արդիականացնելու համար Վահան Քերոբյանն ասում է՝ կառավարությունը գործիքներ է ստեղծել, մասնավոր հատվածին առաջարկում է սարքավորում և հոսքագիծ ձեռք բերել պետության սուբսիդավորմամբ:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Թվային տրանսֆորմացիան պետք է օգնի, որպեսզի իրենք նույն ծավալի աշխատանքը կամ ավելի շատ ծավալի աշխատանք անեն՝ անհամեմատ ավելի քիչ մարդկային ռեսուրսներ կիրառելով, և, հետևաբար, էլի բարձրացնեն իրենց արտադրողականությունը:
Ըստ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ թվայնացման ոլորտը զարգացնելու, երկրում կադրերի պակաս չունենալու համար նախ պետք է որակյալ կրթություն ապահովել: Ռոբերտ Խաչատրյանն առաջնային է համարում նաև թվայնացման ընդհանուր համակարգի ներդրումը:
Ռոբերտ Խաչատրյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Շատ կարևոր է համակարգերի փոխգործելիությունը թվայնացման գործընթացում, այսինքն՝ եթե առանձին-առանձին ամեն գերատեսչություն անի իր թվայնացումը, հետո դժվարություններ են առաջանալու կապն ապահովել գերատեսչությունների միջև:
Գագաթնաժողովին մասնակցող ընկերության նախագահը ներկայացնում է իրենց փորձը՝ բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու համար անասնագոմերի, արտադրության ավտոմատ կառավարման են անցել:
Դավիթ Երեմյան (ընկերության նախագահ) - Հենց թվային մոտեցումներն են, որ մեզ թույլ են տալիս կարողանալ ավելի ակտիվ աշխատել, ճիշտ զարգանալ, անընդհատ նոր մոտեցումներ ենք ներդնում:
Միջազգային գագաթնաժողովի քննարկումների ընթացքում ձևավորված առաջարկների փաթեթը նախատեսվում է ներկայացնել Կառավարությանը՝ տեխնոլոգիաները բիզնեսի համար առավել հասանելի դարձնելու համար:
Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան