Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել են երկարօրյա խմբի կրթական նոր ծրագրերը:
Արտաշես Թորոսյան (ԿԶՆԱԿ տնօրենի պաշտոնակատար) - Երկարօրյայի կարգում ավելացավ մի դրույթ, որի համաձայն ուսման մեջ ցածր առաջադիմություն ունեցող սովորողները իրենց չյուրացրած նյութը ուսումնասիրելու են երկարօրյա դասերի ընթացքում: Դա լինելու ա ժամանակավոր աշխատանք մինչև էն պահը, երբ սովորողը իր չյուրացրածը կյուրացնի և կվերադառնա դասարան:
Հիվանդության պատճառով երկար ժամանակ դասից բացակայելու, թեմայի բարդության պատճառով այն բավարար չյուրացնելու դեպքում աշակերտները հնարավորություն կունենան լրացնել բացը: Այս դեպքում դպրոցն է որոշելու, թե որ աշակերտը պետք է մասնակցի երկարօրյա դասերին:
Արտաշես Թորոսյան - Դասերը ավարտելուց հետո մինչև երկարօրյայի պարապմունքի սկսելը երեխան պիտի հանգստանա, այսինքն՝ գնա տուն, սնվի, հանգստանա, բայց հետո պետք է վերադառնա դպրոց: Էստեղ մենք ունենք որոշակի կազմակերպական խնդիրներ, որտեղ հենց պետք է ծնողների մասնակցությունը:
Եթե նախորդ տարիներին սովորողը չի յուրացրել այն թեմաները, որոնք նրան անհրաժեշտ են նոր գիտելիք ստանալու համար, երկարօրյայի ժամանակ ուսուցիչը նաև կսովորեցնի անցած նյութերը:
Արտաշես Թորոսյան - Երկարօրյայի այս մասը, որտեղ դպրոցը աշխատելու է ուսման մեջ ցածր առաջադիմություն ունեցած երեխաների հետ, միանշանակ անվճար է:
Այն աշակերտը, որի առաջադիմությունը ցածր է կոնկրետ մեկ առարկայից, հնարավորություն կունենա մասնակցել երկարօրյայի միայն տվյալ դասաժամին: Դասը կվարի այն ուսուցիչը, որը տվյալ աշակերտին չի դասավանդել:
Արտաշես Թորոսյան - Երկարօրյայի անհրաժեշտություն առաջանալու դեպքում դպրոցը ունի հստակ կարգում նկարագրված պարտականություններ, որոնցից մեկը աշխատակարգ սահմանելն է, ուսուցիչների ընտրությունը և այլն: Այսինքն՝ դպրոցի տնօրենի հրամանով նշանակվում են ուսուցիչներ, որոնք այս երեխաների համար երկարօրյա պարապմունքներ պետք է կազմակերպեն:
Ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար նախատեսված այս կարգը Տավուշի մարզի դպրոցներում արդեն երկրորդ տարին է՝ գործում է: Հանրապետության մյուս բոլոր դպրոցներում այն կսկսի գործել 2023 թ. սեպտեմբերից:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան