ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովին: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
«Նորարարական Հայաստանը ձևավորվում է» պանելային քննարկման ընթացքում Գևորգ Մանթաշյանն անդրադարձել է Հայաստանի նորարարական համարձակ օրակարգին, այս ուղղությամբ աշխարհում կիրառվող լավագույն փորձին և օրինակներին:
Քննարկման բանախոսները բովանդակալից երկխոսություն են ունեցել Հայաստանում արհեստական բանականության ոլորտում մրցունակ միջավայր ստեղծելու ուղղությամբ և այս ոլորտում աշխարհի լավագույն հնգյակում Հայաստանը դիրքավորելու համար հանրային քաղաքականության ծրագրերի վերաբերյալ։
Գլոբալ ինովացիոն 4-րդ համաժողովը Երևանում անցկացվել է հոկտեմբերի 5-6-ը: Միջոցառման կազմակերպիչը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամն (FAST) է։ Ամենամյա խոշոր այս միջոցառումն իրականացվել է ՀՀ Կառավարության բարձր հովանու ներքո։
Այս տարի համաժողովը տեղի է ունեցել «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո: